Главная » Статьи » Իմ հոդվածները |
Կպահպանվի՞ արդյոք եվրոգոտին։ Իսկ եթե ոչ, արդյո՞ք նրա փլուզումը կհանգեցնի համաշխարհային ճգնաժամի։ Հասկանալու համար, թե ինչ հեռանկարներ են սպասում Եվրոպային, հարկավոր է մերկացնել եվրոյի ճգնաժամի շուրջ ձեւավորված որոշ կեղծ տպավորությունները, ինչպես նաեւ պետք է հասկանալ, որ Եվրոպայում այսօր տիրող իրավիճակը, հնարավոր է, ավելի սերտ համագործակցություն առաջացնի եւ ամրապնդի եվրոպական երկրների միությունը` թե՛ հարկային-բյուջետային, եւ թե՛ քաղաքական ոլորտներում, ինչի արդյունքում «հին աշխարհին» ապագայում կհաջողվի զերծ մնալ նման ճգնաժամային իրավիճակներից, գրում է The Washington Post-ը։ Եվրոպացիները երբեք չեն կարողանա ինքնակազմակերպվել եւ հանդես գալ միասնական ճակատով: Եվրոգոտին երբեք չի դառնա Եվրոպայի Միացյալ Նահանգներ, իսկ մայրցամաքում լսվող ձայները կշարունակեն այնպիսի կակոֆոնիա առաջացնել, որից շուկաները սարսափի մեջ կընկնեն։ Այդուհանդերձ, ընդունելով այս մարտահրավերը` եվրոգոտու երկրները տպավորիչ արագությամբ արձագանքեցին ճգնաժամին։ Եվրամիության ամենաթույլ անդամներին ֆինանսական անկումից պաշտպանելու համար նրանք օգնության համատեղ հիմնադրամներ ստեղծեցին, որոնք միասին շուրջ 1 տրիլիոն դոլար են կազմում։ Եվրոպայի ԿԲ-ն այդ նպատակներով եւս մի քանի տրիլիոն հատկացրեց` գործելով ինչպես ԱՄՆ-ի դաշնային պահուստային համակարգը եւ այդկերպ հավաստիացնելով, որ աղետից խուսափելու համար կանի հնարավորը։ Բյուջետային պակասուրդի չափերը հետագայում սահմանափակելու համար եվրոգոտու երկրները պայմանավորվեցին հարկային-բյուջետային ոլորտում խիստ կանոններ սահմանել, որոնք խախտելու դեպքում կոշտ պատժամիջոցներ են սպասվում։ Բացի այդ, նրանք փորձում են հարկային-բյուջետային միության պես մի բան ձեւավորել, այսինքն` մեխանիզմ, որն ուժեղ պետություններին հնարավորություն է տալիս օգնել առավել թույլ գործընկերներին։ Նրանք նաեւ աշխատում են լիարժեք բանկ ստեղծելու ուղղությամբ, որն ի վիճակի կլինի կանխել բնակչության կողմից ներդրումների ապահովագրման համակարգի միջոցով բանկային հաշիվներից միջոցների դուրսբերումը։ Եվ վերջապես, պարտապան երկրները կյանքի են կոչում քաղաքական առումով ոչ ձեռնտու, հասարակական համակրանք չվայելող համակարգային բարեփոխումներ, որոնք ուղղված են բյուջետային դեֆիցիտի կրճատմանն ու տնտեսական աճի գրանցմանը` այդկերպ խրախուսելով աշխատատեղերի ստեղծումն ու արտադրողականության բարձրացումը։ Շուկաների ճնշման ներքո եվրոգոտին, կարծես, փորձում է ավարտին հասցնել լիարյուն տնտեսական եւ արժութային միության ստեղծումը, ինչը դեռ երկու տասնամյակ առաջ էր խոստացել։ Հունաստանի` եվրոգոտուց դուրս գալը միասնական արժույթի վախճան կնշանակի Եթե եվրոգոտու ամենաթույլ օղակը հանդիսացող Հունաստանը դուրս մղվի արժութային միությունից, դա միայն կամրապնդի միասնական արժութային համակարգը։ Տվյալ միջոցառման հետեւանքները Հունաստանին այնպիսի քաոսի մեջ կգցեն, որ մյուս պարտապան երկրները կանեն ամեն ինչ` նման ճակատագրից խուսափելու համար. նրանք կկրճատեն բյուջետային պակասուրդը եւ արագացված տեմպերով բարեփոխումներ կիրականացնեն։ Ավելին, ձգտելով խուսափել եվրոգոտու մյուս երկրներում հնարավոր աղետներից` վերջինների ուժեղ գործընկերները Հունաստանի դուրս գալու դեպքում ֆինանսական օգնության հիմնադրամներն ընդլայնելու նախաձեռնությամբ հանդես կգան, ինչպես նաեւ բանկային ու հարկային-բյուջետային ոլորտներում ինտեգրացիայի տեմպերի աճ կապահովեն։ Այնպես որ, դուրս մղելով Հունաստանը` եվրոգոտին, ընդհակառակը, կարող է ավելի հզորանալ։ Գերմանացի հարկատուները երբեք հավանություն չեն տա հույն (իսպանացի, իտալացի) թոշակառուներին ուղղված բեյլաութին (պետության կողմից ֆինանսական հաստատություններից ակտիվների ձեռք բերում, որի նպատակը զանգվածային սնանկության եւ ֆինանսական կոլապսի կանխումն է-խմբ.)։ Գերմանիան կա եւ կշարունակի լինել Եվրոպայի գլխավոր գանձապահը։ Չնայած Գերմանիայի` ստեղծված անարդար իրավիճակի հանդեպ բողոքներին եւ խնայման կոշտ միջոցառումներ եւ բարեփոխումներ անցկացնելու պահանջներին` գլխավոր գանձապահն ամեն անգամ այնքան գումար է տրամադրում, որքան անհրաժեշտ է միասնական արժութային գոտին փրկելու համար։ Դրա մասին է վկայում Բեռլինի կողմից պարտապան երկրների բյուջետային պակասուրդը կրճատելու համար ԵԿԲ-ի միջոցով օգնության հիմնական մասի հատկացումը։ Գերմանիան, սակայն, իր պատճառներն ունի նման քաղաքականություն վարելու համար։ Նախ` եվրոպական ինտեգրացիայի նախագիծը, որի գլխավոր խորհրդանիշն այսօր եվրոն է, Գերմանիայի` անցյալ դարի առաջին կեսին «հին աշխարհին» պատճառած դժբախտությունների գիտակցումից է բխում։ Այնպես որ, գերմանացիները չեն ցանկանա եւս մեկ անգամ քանդել Եվրոպան, քանի որ հենց իրենց վրա կբարդվի «օդերը փակելու» պատասխանատվությունը։ Բացի այդ, գերմանական տնտեսական ուղղվածությունն արտահանումն է, որը հենվում է եվրոյի վրա։ Եվս մեկ հանգամանք. գերմանական բանկերն արդեն իրենց վրա մեծ ռիսկեր են վերցրել պարտապան երկրներում, ուստի նրանց փրկելու պետք է գերմանացի հարկատուները գան, եթե դա չհաջողվի Իսպանիային կամ Իտալիային։ Մանր վարկատուները, ինչպիսիք են Ֆինլանդիան եւ Նիդեռլանդները, գուցեեւ հրաժարվեն լրացուցիչ միջոցներ հատկացնել, սակայն Գերմանիայում յուրաքանչյուր քաղաքական լիդեր, ինչպես նաեւ ընտրողների մեծ մասը, լավ է հասկանում խնդրրի քաղաքական, բարոյական եւ տնտեսական պատասխանատվությունը։ Այդ պատճառով եվրոգոտու պահպանմանը կողմ արտահայտվող կուսակցությունները հաղթում են գրեթե բոլոր կարեւոր ընտրությունների ժամանակ` ճգնաժամի ի հայտ գալուց ի վեր։ Եվրոգոտու ճգնաժամի հետեւանքով ամերիկյան տնտեսությունը կարող է փլվել, ինչը բացասական ազդեցություն կունենա ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրությունների արդյունքների վրա։ Անշուշտ, եվրոպական ճգնաժամն անդրադարձել է ամերիկյան արտահանման, ինչպես նաեւ ամերիկյան ընկերությունների եկամուտների վրա` թուլացնելով զբաղվածության եւ ներդրումային շուկաների հաստատուն դիրքերը` 1%-ով նվազեցնելով երկրի ՀՆԱ-ն։ Միեւնույն ժամանակ` արագ զարգացող երկրները, Չինաստանի եւ Հնդկաստանի գլխավորությամբ, որոնց բաժին է ընկնում համաշխարհային տնտեսության ծավալների կեսը, առաջիկայում տարեկան 6 տոկոսի մակարդակով կպահպանեն աճի տեմպերը, որոնք, իհարկե, նախորդ տարիների համեմատ նվազ են, սակայն նույնիսկ դրանք ի վիճակի են որոշ ժամանակով անկումից զերծ պահել համաշխարհային, այդ թվում` Միացյալ Նահանգների տնտեսությունը։ Մյուս կողմից, Եվրոպան համակած դժվարությունները որոշ չափով ձեռնտու են ԱՄՆ-ին, քանի որ ճգնաժամի արդյունքում համաշխարհային կապիտալը կողմնորոշվեց դեպի դոլարը եւ հատկապես` ամերիկյան արժեթղթերը, ինչը թույլ է տալիս վարկերի տոկոսադրույքները համեմատաբար ցածր մակարդակի վրա պահել։ Եվ վերջապես, Եվրոպան, ամենայն հավանականությամբ, կկարողանա հաղթահարել ճգնաժամը եւ գլուխ բերել սկսած գործը, եւ այդ հանգամանքն ամերիկյան տնտեսությանը կպաշտպանի ցնցումներից, իսկ ընտրությունները` անցանկալի ելքից։ | |
Просмотров: 412 | Рейтинг: 0.0/0 |
Всего комментариев: 0 | |